Նվազագույնը 97 կամավոր հրաժարվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերում աշխատանքից՝ կազմկոմիտեի նախագահ Յոսիրո Մորիի սեքսիստական արտահայտություններից հետո, հայտնում է NHK-ը:
Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն իր ափսոսանքն է հայտնել այս առիթով.
«Սա շատ ցավալի է: Որպես մի քաղաքի ղեկավար, որտեղ պետք է կայանան Օլիմպիական խաղերը, ես շատ եմ ցավում, որ նման բան է տեղի ունեցել այն դեպքում երբ մենք պայքարում ենք կորոնավիրուսի դեմ»:
Մորին հայտնվել է սկանդալի կենտրոնում Ճապոնիայի Օլիմպիական կոմիտեի նիստում արած հայտարարության պատճառով. նա ասել է, որ մարզական կոմիտեներում և ֆեդերացիաներում կանանց թվի մեծացումը հանգեցնում է իրենց ժողոների ուշացմանը:
Մասնավորապես, նա հայտարարել է, որ կանայք «մրցակցության շատ ուժեղ զգացում» ունեն և երբ նրանցից մեկը բարձրացնում է ձեռքը, «արդյունքում բոլորը ցանկանում են մի բան ասել» ու ստիպված են լինում երկարացնել ժողովը:
Ավելի ուշ Մորին ներողություն է խնդրել իր խոսքերի համար, բայց ընդգծել է, որ մտադիր չէ հրաժարական տալ սկանդալի ֆոնին: Մեկ շաբաթ անց ՄՕԿ-ում քննադատել են կազմկոմիտեի նախագահի խոսքերը:
Կազմկոմիտեն մտադիր է փետրվարի 12-ին ժողով անցկացնել երկրի ղեկավարության և քաղաքային իշխանությունների հետ, որի ընթացքում մտադիր են քննարկել Մորիի խոսքերը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով դրանք հետաձգվեցին և պետք է կայանան 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Ընդ որում «Տոկիո-2020» անվանումը պահպանվել է: