«Զենիթի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի տեղափոխությունը «Ֆիորենտինա».
«Նրա մասին կարող եմ միայն լավը ասել՝ թե՛ որպես ֆուտբոլիստի, և թե՛ որպես մարդու: Կոկորինն օրինակ է: Նա հեշտությամբ կարող էր խաղալ ցանկացած թիմում, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալում»: Նա արագաշարժ է, ուժեղ հարվածների է տիրապետում թե՛ ոտքով և թե՛ գլխով, հիանալի փոխանցումներ է կատարում»,- Մանչինիի խոսքերն է փոխանցում La Nazione-ն:
Երեկ հայտնի դարձավ, որ ակումբները սկզբունքային համաձայնության են հասել ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ: Գործարքի արժեքը պետք է մոտ 5 մլն եվրո կազմի: Իտալական ակումբն Ալեքսանդրին տարեկան մոտ 1.7 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել և նրան 24 ժամ է տվել որոշում կայացնելու համար: Նշենք՝ «Սպարտակի» հետ մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագրով Կոկորինը տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ է ստանում:
Ալեքսանդրն անցած ամառ է տեղափոխվել «Սպարտակ»՝ ազատ խաղացողի կարգավիճակով: Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի 8 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: