ՀՖՖ 19-րդ Արտահերթ ժողովի ընթացքում քննարկվել է նաև այն 9 ՀԿ-ների հարցը, որոնց անդամությունը ՀՖՖ-ին վերջերս կասեցվել էր։ Քվեարկության արդյունքում բոլոր 9 ՀԿ-ների կասեցումը հաստատվեց;
ՀՖՖ-ի անդամությունից հեռացված ՀԿ-ներն են՝ Արնար Հիմնադրամ, Դինամո 2000 ՖԱ ՀԿ, Զվարթնոց ՖԱ ՍՊԸ, Լոռի ՖՄԱ բարեգործական ՀԿ, Հայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստների Ասոցիացիա ՀԿ, Հայկական Ֆուտբոլի Զարգացման Հիմնադրամ, Հայք ՖԱ ՀԿ, Նորացված Փյունիկ ՖԱ ՀԿ, ՀՖՖ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ ՓԲ։
Նշենք՝ ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը, որը վարում է ՀՖՖ արտահերթ ժողովը, նախ ներկայացրեց բոլոր անդամների կասեցման հիմքերը, ինչից հետո կայացավ քվեարկությունը։ ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն առաջարկեց նախ խոսքի իրավունք տրամադրել կասեցված ՀԿ-ների ներկայացուցիչներին։
Ժողովի անդամները քվեարկեցին նաև հենց այս պահին ՀԿ-ների կասեցումը հաստատելու օգտին։ Այսպիսով, այն ՀԿ-ները, որոնց գործունեությունը սառեցվեց, չեն կարողանա մասնակցել ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի ընտրություններին։
ՀՖՖ նախագահի և Գործադիր անդամների ընտրությանը կմասնակցի ՀՖՖ 24 անդամ։ Քվեարկությունը կմեկնարկի ժամը 15։00-ին։