«Ռեալը» իսպանական Պրիմերայի 10-րդ տուրի` «Բարսելոնայի» հետ խաղից հետո (0:0) հայտարարությամբ է հանդես եկել մադրիդցիների պաշտպան Ռաֆայել Վարանի մասնակցությամբ մրցավարական որոշումների վերաբերյալ.
«Վարանի մասնակցությամբ երկու վիճելի դրվագ է գրանցվել: Առաջին կեսում ֆրանսիացու նկատմամբ խախտումների համար կարելի էր երկու 11-մետրանոց նշանակել, բայց Ալեխանդրո Էրնանդեսը ոչ մեկը չնշանակեց:
17-րդ րոպեին Վարանն անկյունայինի խաղարկումից հետո փորձեց գլխով հարված կատարել, Կլեման Լանգլեն տուգանային հրապարակում հարվածեց նրա ազդրին, բայց ո՛չ մրցավարը և ո՛չ VAR-ը այդ դրվագում 11-մետրանոց չտեսան:
2 րոպե անց` հերթական անկյունայինից հետո, Ռակիտիչը քաշեց Վարանի մարզաշապիկից, ինչի արդյունքում պաշտպանը տուգանային հրապարակում հայտնվեց խոտածածկին: Սակայն նորից ո՛չ մրցավարը, ո՛չ VAR-ը որոշեցին չնշանակել 11-մետրանոց»,- ասվում է «Ռեալի» տարածած հաղորդագրության մեջ: