Ռասիստական սկանդալի պատճառով ընդհատված Չեմպիոնների լիգայի ՊՍԺ – «Իստամբուլ Բաշաքշեհիր» հանդիպման ընթացքում կարմիր քարտի արժանացած Պիեր Վեբոյի հեռացումը չեղարկվել է: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Թուրքական ակումբը հայտնել է, որ Վեբոն ներկա է լինելու այսօր շարունակվելիք հանդիպմանը:
Հիշեցնենք, որ խաղը վերսկսվելու է 14-րդ րոպեից:
Հավելենք, որ H խմբի վեցերորդ տուրի հանդիպումը, որը սպասարկեցին ռումինացի մրցավարները, ընդհատվեց 14-րդ րոպեին: Գլխավոր մրցավար Օվիդիու Հացեգանի որոշումներից մեկը բուռն արձագանք է առաջացրել թուրքական ակումբի պահեստայինների նստարանին:
Երկու թիմերն էլ ի վերջո լքեցին խաղադաշտը: Ավելի ուշ թուրքական ակումբը հայտարարեց, որ ֆուտբոլիստները որոշել են խաղադաշտ չվերադառնալ այն բանից հետո, երբ մարզիչ Պիեռ Վեբոն «չորրորդ մրցավարի կողմից ենթարկվեց ռասիստական վիրավորանքի»: