«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաջորդ շաբաթվա ընթացքում կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրը վստահեցնում է, որ իտալացի մասնագետը ամենալավ վիճակում չէ, քանի որ «Նապոլիի» հետ կոնֆլիկտը շարունակվում է, ու թիմը չի կարողանում հաղթել բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 8 խաղում անընդմեջ:
Եթե «Նապոլին» առաջնությունում չհաղթի «Ուդինեզեին» ու դրական արդյունքի չհասնի «Գենկի» հետ խաղում` Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճելով, ապա Անչելոտիի օրերը «Նապոլիում» կարող են հաշված լինել:
Հիշեցնենք` գլխավոր մարզիչը որոշել է ֆուտբոլիստներին բազայում փակված պահել «Ուդինեզեի» հետ խաղի նախապատրաստության համար, որը կկայանա դեկտեմբերի 7-ին: Ավելի վաղ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը նման որոշում էր կայացրել, բայց ֆուտբոլիստներն արհամարհել էին ակումբի նախագահի պահանջը: Ավելի վաղ նախագահը դիմել էր իրավաբաններին, որպեսզի քննարկի ֆուտբոլիստներին պատժելու տարբերակները, ու տուգանել էր նրանց:
Այս պահին «Նապոլին» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: