«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը Հայաստանի Սուպերգավաթի խաղարկությունում «Արարատ-Արմենիայից» կրած պարտությունից հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով։
«Եզրափակչին արժանի խաղ ստացվեց։ Երկու թիմն էլ իրար արժանի էր։Մենք լավ, ուժեղ խաղ ցուցադրեցինք։ Ցավալի է գոլ բաց թողնել, երբ խաղի ավարտին 20 վայրկյան է մնացել։ Հետագայում հաշվի կառնենք այս պահերը։ Շնորհավորում եմ մրցակցին հաղթանակի առթիվ։ Առաջնությունում էլ ավելի թեժ կլինի»
-Կարելի՞ է ասել, որ հանդիպման ամենավճռորոշ դրվագը եղավ վերջին վայրկյանին բաց թողած գնդակը․ դրանից հետո սկսվեցին խնդիրներն «Ալաշկերտի» մոտ։
— Լուրջ խնդիրներ չեն եղել։ Խաղավարտից 20 վայրկյան առաջ գոլ ընդունելուց հետո պետք է հավաքվել։ Ամեն դեպքում լրացուցիչ ժամանակում ամեն ինչ տանում էր դեպի 11-մետրանոցը։ Պատահական գոլ բաց թողեցինք։ Բեկումնային դրվագներում հաջողությունն այսօր «Արարատ-Արմենիայի» կողմն էր։
— Լրացուցիչ ժամանակը ցույց տվեց, որ «Ալաշկերտը» դեռ գրոհելու ուժ ուներ։ Այդ դեպքում, ինչո՞ւ 80-րդ րոպեից սկսած չէր փորձում հակագրոհել ու մեկ գոլով ևս ապահովագրել իր հաղթանակը։
— Հոգեբանության հարց է։ Ո՞ր թիմը խաղավարտից 2-3 րոպե առաջ հաղթելու դեպքում առաջ կընթանա ու կփորձի գոլ խփել ․․․ դժվար է։ Իհարկե, եղան հակագրոհներ։ Մենք հենց այդ պատճառով գոլ բաց թողեցինք։ Կարող էինք պահել գնդակը, հանդարտեցնել տեմպը ու միգուցե՝ այդ գոլը չէր լինի։
— Դարպասը վստահել էիք Հենրի Ավագյանին։ Արդյոք Ձեր հետագա ծրագրերի մեջ է՞լ է մտնում նրան հիմնական դարպասապահ դարձնելը։
— Նա պետք է ապացուցի, որ համար առաջինն է։ Չանչարևիչն այօր վնասվածք ուներ, այդ իսկ պատճառով Հենրին խաղալու հնարավորություն ստացավ։ Բայց Հենրին այսօր արժանի խաղ ցուցադրեց։
— Զգացվում է՝ հատկապես վերջին շրջանում Մարմենտինին ու Միհրան Մանասյանը բավականին լավ մարզավիճակում են։ Դուք ի՞նչ կասեք։ Լիովին գո՞հ եք։
— Բնականաբար։ Ինչպես կարող է մարզիչը դժգոհ լինել, բայց այսպիսի ֆուտբոլ են ցուցադրում։ Գրեթե յուրաքանչյուր խաղում գոլ են խփում։ Հարձակվողներ են։ Պարզապես նայեք՝ ինչ հսկայածավալ աշխատանք են կատարում։ Նայեք նաև Գլիշիչին։ Որքան հզոր կերպով բացվեց ու պարզապես տեռորի է ենթարկում մրցակցի պաշտպաններին։ Ընդհանուր առմամբ բոլոր տղաներից գոհ եմ։ Մեծ աշխատանք են կատարում, ու դրա պտուղները կտեսնենք մոտ ապագայում։
— Պարոն Ադամյան, վերջին խաղերում տեսնում ենք, որ Ձեզ հետ տեխնիկական գոտում է նաև Աղվան Մկրտչյանը։ Կասե՞ք, թե կոնկրետ ինչ գործառույթներ ունի նա ակումբում։
— Աղվանը կապող օղակ է իմ և ֆուտբոլիստների միջև։ Եթե ֆուտբոլիստները ինչ-որ հարցեր են ունենում, Աղվանի միջոցով փոխանցում են ինձ։