Երևանի «Փյունիկի» հարձակվող Դմիտրի Սիչյովը խոսել է Հայաստանում ֆուտբոլային պայմանների և խաղադաշտերի որակի մասին։
«Ես ընդհանրապես պահանջկոտ մարդ չեմ։ Շատ բաների միջով եմ անցել, ու դժվար է ինձ ինչ-որ բանում զարմացնելը։ Այն, ինչ պետք է ֆուտբոլի համար, Հայաստանում կա։ Գլխավոր առավելությունը բարձր որակի խոտածածկով դաշտերն են։ Նման բան ես անգամ Ռուսաստանում չեմ տեսել։
Ինչ վերաբերում է երկրպագուների ներգրավվածությանը խաղերում, ապա պետք է ասեմ, որ այստեղ քիչ մարդիկ են աշխատում ֆուտբոլասերների հետ։ Առանց դրա հետաքրքրություն չի առաջանա։ Այստեղ ընդամենը մի քանի տեսախցիկով են հեռարձակում խաղը։ Իրականում դու պետք է գրավես երկրպագուին ու այնպես անես, որ նա գա մարզադաշտ։ Երկրպագուն պետք է սիրի թիմի փիլիսոփայությունը։ Սա կինո չէ, որ ընտրություն կատարես։ Դու պետք է մտավոր կերպով թիմի հետ լինես։ Աշխատանք կատարվում է դրա համար, սակայն երկար ժամանակ է անհրաժեշտ»,-Սիչյովի խոսքերն է մեջբերում Championat-ը։
Դմիտրի Սիչյովը Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ է, 2008 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նա տեղափոխվեց «Փյունիկ»։