Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոյին դուր չի եկել երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեի՝ 10 համարի մարզաշապիկը կիսապաշտպան Լուկաս Պակետային տալու որոշումը:
«Միլանի» 22-ամյա ֆուտբոլիստն այդ համարի ներքո անցկացրել է Արգենտինայի հետ ընկերական խաղը (0:1).
«Դիտում էի Բրազիլիայի ընկերական խաղն Արգենտինայի հետ ու վշտացա այն բանից, թե ինչ է եղել 10 համարի հետ: Նրանք Պակետային տվել են 10 համարի մարզաշապիկը, որը հարգում են ամբողջ աշխարհում:
Այդ համարը նախատեսված չէ պահեստային կամ էլ այն խաղացողի համար, որին առաջին կեսից հետո նստեցնում են պահեստայինների նստարանին: «10 համարը» հարգում են, քանի որ այն կրել են Պելեն, Ռիվելինյոն, Զիկոն, Ռիվալդոն, Կական, Ռոնալդինյոն և Նեյմարը:
Մեղքը ոչ թե ֆուտբոլիստինն է, այլ՝ մարզչական շտաբինը, քանի որ հենց նրանք գիտեն այդ մարզաշապիկի արժեքը և այն, որ դա կարող է վատ ազդեցություն ունենալ 22-ամյա տղայի վրա, որին մեծ ապագա է սպասվում հավաքականում»,- գրել է Ռիվալդոն Instagram-ում:
Ռիվալդոյի գրառումը հավանության է արժանացրել հարձակվող Նեյմարը, որն ազգային թիմում սովորաբար հանդես է գալիս հենց 10 համարի ներքո: Այս անգամ 27-ամյա ֆուտբոլիստը հավաքական չի հրավիրվել վնասվածքի պատճառով:
