Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Go.FM 96.3 ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է Կիպրոսի ընտրանու դեմ հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպին, երբ տեսախցիկները ֆիքսել էին իր հայհոյանքը։
Մասնագետը պարզաբանել է, թե ում էր ուղղված իր զայրույթը, և ներողություն է խնդրել երկրպագուներից։
«Մրցավարն արդեն հունից հանել էր՝ Գեորգի Հարությունյանի մասնակցությամբ դրվագում տուգանային նշանակելով այնտեղ, որտեղ խախտում չկար։ Երբ բարկացա մրցավարի վրա, կիպրոսցի ֆուտբոլիստը, որը կադրում չի երևում, վեր կացավ, մոտեցավ ինձ և ինչ-որ բան ասաց։ Այդ պահին չկարողացա տիրապետել ինձ ու հայհոյեցի։
Ներողություն եմ խնդրում այդ արարքի համար, քանի որ խաղը դիտում են մարդիկ և երեխաներ․ դա գեղեցիկ չէ ու ընդունված չէ մեր մշակույթում։ Թեև համաշխարհային ֆուտբոլում բոլոր մարզիչներն ու ֆուտբոլիստներն էլ հայհոյում են՝ նույնիսկ Ալեքս Ֆերգյուսոնի ամեն երկրորդ խոսքը հայհոյանք էր, սա արդարացում չէ։ Հաշվի առնելով մեր մենտալիտետը՝ ընդունում եմ սխալս, և ինքս էլ ամաչել եմ։ «Փյունիկի» համեմատ հավաքականում միշտ զսպել եմ ինձ, սա միակ պահն էր, երբ սխալ թույլ տվեցի»,- նշել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսի դեմ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։



























































