Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է «Ոսկե գնդակի» համար պայքարում դարպասապահների մրցակցության մասին։
— Արդյո՞ք դարպասապահներն արժանի են «Ոսկե գնդակին։
«Այո՛, կան դարպասապահներ, որոնք փոխել են խաղաոճը, անգամ այն, թե ինչպես են թիմերը պրեսինգ կիրառում։ 2014 թվականին Նոյերը մոտ էր հաղթանակին և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Կարծում եմ՝ 2022 թվականին ես ակնկալում էի ավելի բարձր տեղ զբաղեցնել։ Կարիմն արժանի էր մրցանակին, բայց ես կարծում եմ, որ պետք է ավելի բարձր դիրքում լինեի։
Լսում ես, թե ինչպես են լրագրողներն ասում, որ դարպասապահներն ունեն Յաշինի անվան մրցանակը։ Ես դա հասկանում եմ, իրավիճակը բարդ է. մենք կարող ենք փայլուն հանդիպում անցկացնել, բայց վերջին րոպեին Մբապեն կարող է գոլ խփել, և մարդիկ հենց դա կհիշեն։
Դժվար է, բայց թիմը սկսվում է լավ դարպասապահից։ Մենք՝ դարպասապահներս, գտնվում ենք նույն հարթության վրա, ինչ թիմերի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները։ Դուք կարող եք հիմա հարցնել ինձ, իսկ հետո քվեարկել տասը այլ խաղացողների օգտին, որոնք կշրջանցեն ինձ։
Դարպասապահը կարող է նվաճել այս մրցանակը, բայց ես նույնիսկ չգիտեմ՝ էլ ինչ է պետք անել դրան հասնելու համար։ Ես խաղում եմ նույն թիմում Վինիսիուսի, Կիլիանի, Արդայի և Բելինգհեմի հետ, էլ ինչպե՞ս կարող են քվեարկել իմ օգտին։ Որոշ դարպասապահներ արժանի են ավելի բարձր հորիզոնականներ զբաղեցնելու «Ոսկե գնդակի» վարկանիշային աղյուսակում»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հավելենք, որ «Ոսկե գնդակը» նվաճած միակ դարպասապահը Լև Յաշինն է, որը մրցանակին արժանացել է 1963 թվականին։ Այդ ժամանակից ի վեր հաղթանակին ամենամոտը եղել են Դինո Ձոֆը (1973) և Ջանլուիջի Բուֆոնը (2006), որոնք քվեարկության արդյունքում զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը։

























































