Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մտադիր է հանդիպում անցկացնել՝ թիմի ներսում մեկ կարևոր հարց կարգավորելու համար։
Ինչպես գրում է El Nacional-ը, գերմանացի մասնագետը ցանկանում է հստակ կարգ սահմանել 11-մետրանոց հարվածների իրացման հարցում՝ հատկապես «Վիլյառեալի» դեմ խաղում տեղի ունեցած դրվագից հետո։
Ինչպես հայտնի է, «դեղին սուզանավի» դեմ հանդիպման ընթացքում Լամին Յամալը Ռաֆինյայից խնդրել էր իրեն զիջել 11-մետրանոցի իրացման իրավունքը։ Բրազիլացին ընդառաջել էր թիմակցին, սակայն Յամալը վրիպել էր։
«Ֆլիկը համոզված է, որ 11-մետրանոցների իրացմանը պետք է ավելի հստակ և պատասխանատու մոտենալ, հատկապես երբ խաղասեղանին արդյունքն է։ Այդ կապակցությամբ նա ծրագրում է զրուցել երկու ֆուտբոլիստների հետ՝ գտնելու այնպիսի լուծում, որն օգուտ կբերի թիմին»,- նշվում է հրապարակման մեջ։
Հատկանշական է, որ «Բարսելոնայում» Ռաֆինյայի 11-մետրանոցների վիճակագրությունը գրեթե անթերի է՝ 22 դիպուկ հարված 23 փորձից, և հենց նա է համարվում ամենահուսալի թեկնածուն պատասխանատու պահերին հարվածն իրացնելու համար։
Հավելենք, որ «Վիլյառեալի» դեմ խաղի մեկնարկում «Բարսելոնան» երկու գնդակ էր բաց թողել, սակայն ի վերջո կարողացել էր կամային հաղթանակ տանել 3-2 հաշվով։
























































