«Սյունիք» ՖԱ-ն առաջադրել է Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում:
«Մեր ակումբի համար այս ընտրությունն առաջին հերթին հայկական ֆուտբոլի կառավարման և զարգացման հարց է։ Մենք կարևորում ենք այնպիսի ղեկավարի ընտրությունը, որը պատրաստ է լսել ակումբներին, հասկանալ նրանց խնդիրները և համատեղ լուծումներ գտնել։ Դենիս Ջորկաեֆի թեկնածությունն առաջադրելիս հաշվի ենք առել նրա փորձը՝ ֆուտբոլային գործակալից մինչև ակումբի նախագահ ու մարզական տնօրեն, ինչպես նաև ՀՖՖ-ում խորհրդատվական աշխատանքը և Ֆրանսիայում փոխքաղաքապետի պաշտոնում կառավարման փորձը։ Հայտնի ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչ լինելով՝ նա նաև անձամբ է անցել ֆուտբոլի կազմակերպման ու կառավարման ճանապարհով։ Կարևոր ենք համարում նրա միջազգային կապերը և դրանք մեր ակումբների համար գործնական հնարավորությունների վերածելու պատրաստակամությունը։ Հայաստան տեղափոխվելու ու այստեղ աշխատելու նրա որոշումը մեզ համար ևս վկայում է այս հանձնառությանը լրջորեն վերաբերվելու մասին։Մենք ակնկալում ենք բաց ու հետևողական աշխատանք՝ ակումբների մասնակցությամբ, նրանց կարիքները հաշվի առնելով և հայկական ֆուտբոլի ընդհանուր շահը առաջնային դարձնելով։ ՀՖՖ անդամ ակումբներին կոչ ենք անում աջակցել Դենիս Ջորկաեֆի թեկնածությանը։ Վստահ ենք՝ համագործակցությամբ կարող ենք ավելի մեծ արդյունքի հասնել»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում պաշտոնապես առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։
Հավելենք, որ ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, ֆեդերացիայի գլխավոր գրասենյակում անցկացվելիք 28-րդ հերթական ընտրական ժողովի ընթացքում։ Գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ չի առաջադրվելու։
ՀՖՖ կանոնադրության համաձայն՝ ֆեդերացիայի յուրաքանչյուր անդամ կարող է առաջադրել մեկ թեկնածու, որի փաստաթղթերի համապատասխանությունը ստուգում է ՀՖՖ ընտրական կոմիտեն։



























































