Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ-15 տարեկանների առաջնությունում Հայաստանի պատվիրակները շարունակում են հաջող ելույթների շարքը:
Մինչև 15 տարեկան աղջիկների (+69 կգ) քաշային կարգի պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Նարե Առաքելյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում՝ գլխավերևում պահելով 90 կգ, 95 կգ ու 97 կգ ծանրաձողերը: Այս վարժությունում Առաքելյանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդուհին հաջողությամբ բարձրացրեց 110 կգ ու 115 կգ՝ այս ձևում գրավելով երկրորդ տեղը: Երկամարտի 212 կգ արդյունքով Նարե Առաքելյանը հռչակվեց Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մրցահարթակ էր դուրս եկել աղջիկների 69 կգ քաշային կարգը ներկայացնող Նատալյա Սարգսյանը։ Նա պոկում վարժությունում գլխավերևում պահել էր 84 կգ ծանրաձողը, սակայն անհաջողություն էր կրել հրում վարժությունում և երկամարտի արդյունք չէր գրանցել:

























































