Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ-15 տարեկանների առաջնությունում մրցահարթակ դուրս եկավ մրցումային 6-րդ օրվա Հայաստանի վերջին ներկայացուցիչը:
85 կգ քաշային պատանիների պայքարում Հայաստանի հավաքականից Հարություն Ավետիսյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում՝ բարձրացնելով 133 կգ, 138 կգ և 141 կգ, ինչի շնորհիվ դարձավ այս վարժության ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 160 կգ և 168 կգ ծանրաձողերը՝ այս ձևում գրավելով երրորդ տեղը: Երկամարտի 309 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը հռչակվեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ այսօր մրցահարթակ էր դուրս եկել նաև մինչև 15 տարեկանների աղջիկների 69 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Ակսաննա Թորոսյանը, ով երկամարտի 154 կգ (66+88) արդյունքով Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը:
























































