Ֆրանսիական ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարել է Ամստերդամի «Այաքսի» և Բելգիայի հավաքականի 21-ամյա եզրային հարձակվող Միկա Գոդտսի տրանսֆերի մասին։
Բելգիացի տաղանդավոր ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականը։ Փարիզյան թիմում նա հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։ Ըստ հեղինակավոր Transfermarkt պորտալի՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։
Անցած մրցաշրջանը բեկումնային էր երիտասարդ վինգերի համար։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 44 հանդիպումներում նա դարձել է 17 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Այս ֆանտաստիկ ցուցանիշով Գոդտսը դարձավ 2010 թվականից ի վեր «Այաքսի» ընդամենը երրորդ ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանում գրանցել է առնվազն 15 գոլ և 15 ասիստ։
Նրա ելույթներում հատկապես տպավորիչ ու հիշվող էին 2025թ. նոյեմբերին հեռահար հարվածով խփած գոլը «Ուտրեխտի» դարպասը և այս տարվա ապրիլին ՆԱԿ «Բրեդայի» դեմ խաղում պաշտպանների միջով արված անհատական փայլուն անցումը։
Ծնված լինելով 2005 թվականին՝ աջլիկ վինգերն իր ֆուտբոլային կրթությունը ստացել է բելգիական «Անդերլեխտի» և «Գենկի» ակադեմիաներում, իսկ 2023-ի հունվարին տեղափոխվել է «Այաքս»: Իր հիանալի դրիբլինգի և հարձակվողական հմտությունների շնորհիվ նա շատ արագ հաստատվեց գլխավոր թիմում՝ իր նորամուտը նշելով ընդամենը 17 տարեկանում:
Գոդտսը հանդես է եկել Բելգիայի բոլոր տարիքային հավաքականներում (Մ-15-ից մինչև Մ-19): Նրա վստահ ելույթներն աննկատ չեն մնացել գլխավոր թիմի մարզիչների կողմից. այս տարվա մարտի 28-ին նա ստացավ իր անդրանիկ հրավերը Բելգիայի ազգային հավաքական և արդեն հասցրել է 2 հանդիպում անցկացնել «կարմիր սատանաների» կազմում։
Տեղափոխությունից հետո ֆուտբոլիստը չի թաքցրել իր ոգևորությունը.
«Աննկարագրելի հպարտ եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկին միանալու համար։ Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ կկրեմ այս մարզաշապիկը և կզգամ «Պարկ դե Պրենսի» ու նրա երկրպագուների մթնոլորտը։ Ես իմ ամբողջ ուժերը կներդնեմ խաղադաշտում՝ արդարացնելու այն վստահությունը, որն ինձ տվել են ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին, Լուիշ Կամպուշը և գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն», — նշել է նորեկը ՊՍԺ-ի մամուլի ծառայության հետ զրույցում։


























































