Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պատրաստվում է ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Ցելյեի» դեմ կարևորագույն դիմակայությանը։
Օգոստոսի 4-ին կայանալիք առաջին խաղից առաջ թիմի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան հանդիպել է լրագրողների հետ և խոսել առկա խնդիրների, առաջիկա անելիքների ու թիմի տրամադրվածության մասին։
«Անդադար փնտրտուքների մեջ ենք՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք լրացնել վնասվածքների պատճառով առաջացած բացերը։ Ոչ մի րոպե չեմ դադարում մտածել եզրային պաշտպանների խնդրի լուծման շուրջ։ Բարդություններն ի հայտ եկան հատկապես Բալանտայի և Համբարձումյանի վնասվածքներից հետո, ինչի արդյունքում ստիպված էինք Օլիվեյրային կիրառել որպես կիսապաշտպան։
Ճիշտ է, Բուենոն որպես կենտրոնական պաշտպան շատ ավելի արդյունավետ է, սակայն եզրում ևս նա վստահելի է. թեև չի կարողանում ակտիվորեն միանալ գրոհներին, բայց ամուր է պահում իր գոտին։ Տեսնենք, թե առաջիկա խաղում ինչ լուծում կգտնենք։ Հնարավոր է՝ դա լինի Միշելին խաղադաշտ դուրս բերելը, ով նախորդ հանդիպման ժամանակ շատ լավ մտավ խաղի մեջ. այնպես որ ունենք մի քանի տարբերակ»,- նշել է Տուլիպան։
Պորտուգալացի մասնագետն ընդգծել է, որ թիմը չի պատրաստվում բավարարվել ձեռքբերածով.
«Մեր նախնական նպատակին մենք հասել ենք, քանի որ արդեն ապահովել ենք եվրագավաթային աշունը։ Այնուամենայնիվ, մնացած խաղերում պետք է լինենք առավելագույնս մրցունակ։ Մենք հարգում ենք մրցակցին, որն իր կազմում ունի բազմաթիվ որակյալ ֆուտբոլիստներ, սակայն այդ հարգանքը չի խանգարում մեր հավակնություններին։ Ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ մեր երազանքի հետևից գնալիս. անելու ենք ամեն ինչ Չեմպիոնների լիգա մտնելու համար»։
Խիտ գրաֆիկի և «պորտուգալական» դուելի մասին
«Մենք մեծ պատասխանատվություն ունենք երկիրը ներկայացնելու հարցում, իսկ դրա լավագույն ճանապարհը թե՛ առաջնությունում, թե՛ եվրագավաթներում լավ հանդես գալն է։ Խաղերին պատրաստվելու համար իսկապես շատ քիչ ժամանակ ունենք, իսկ վնասվածքների պայմաններում թիմն արագ վերադասավորելը կրկնակի բարդ է։ Որոշումներ կայացնելու տեսանկյունից ժամանակը խիստ սուղ է։
Ինչ վերաբերում է «Ցելյեի» հետ հանդիպմանը, ապա հետաքրքիր դիմակայություն է սպասվում, հատկապես ինձ համար, քանի որ մրցակցի մարզիչը նույնպես պորտուգալացի է։ Նրանք բարդ մրցակից են, բայց մենք կենտրոնանալու ենք, ուսումնասիրելու ենք նրանց թույլ կողմերն ու փորձելու ենք օգտվել առկա խնդիրներից։ Ակնհայտ է, որ նրանք էլ նույնն են անելու։ Առաջիկա դիմակայության համատեքստում ուզում եմ ընդգծել ամենակարևոր գործոնը՝ համեստ մնալը։ Առաջին երկու փուլերը հաղթահարելուց հետո պետք է ամուր կանգնած մնալ հողի վրա, որովհետև երբ կորցնում ես համեստությունդ, կորցնում ես նաև խաղային ինքնությունդ»,- եզրափակել է մարզիչը։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» — «Ցելյե» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 20։00-ին։ Խաղը կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերով։


























































