Այսօր՝ օգոստոսի 3-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքներով պարզ դարձավ, որ եթե Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» որակավորման երրորդ փուլում հաղթահարի սլովենական «Ցելյեի» արգելքը, ապա անցումային փլեյ-օֆֆում ուժերը կչափի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) – «Մյելբյու» (Շվեդիա) զույգի հաղթողի հետ։
Հաջողության հասնելու դեպքում հայկական ակումբը անցումային փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 18-ին կամ 19-ին՝ արտագնա խաղում հյուրընկալվելով մրցակցին, իսկ պատասխան դիմակայությունը տեղի կունենա մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 25-ին կամ 26-ին: Հանդիպումների անցկացման հստակ օրերն ու ժամերը վերջնականապես կհաստատվեն առաջիկայում։
Հիշեցնենք, որ «Ցելյեի» դեմ առաջին խաղը կկայանա վաղը՝ օգոստոսի 4-ին, Երևանի «Հանրապետական» ստադիոնում, իսկ պատասխան հանդիպումը՝ մեկ շաբաթ անց Սլովենիայում։




























































