Վաղը՝ հուլիսի 30-ին, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կընդունի մոլդովական «Զիմբրուին»։
«Բազեների» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը նախախաղային ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։
««Զիմբրուի» դեմ կայացած առաջին խաղը կգնահատեի որպես մրցաշրջանի ստանդարտ առաջին հանդիպում։ Մենք գիտենք, որ նրանք լավ թիմ ունեն և ունեն այնպիսի խաղային որակներ, որոնք կկարողանան օգտագործել։ Կարծում եմ՝ ամբողջությամբ վերահսկում էինք խաղը, սակայն բավարար արդյունավետություն չկարողացանք դրսևորել հատկապես գրոհների եզրափակման փուլում։
Սակայն ինձ ուրախացրեց այն փաստը, թե ինչպես թիմն արձագանքեց, երբ մենք գոլ ընդունեցինք հնարավոր ամենավատ պահին՝ անմիջապես այդ խաղում մեր ամենամեծ գոլային հնարավորություններից հետո։ Վերլուծել ենք խաղը՝ հասկանալու համար, թե որտեղ ենք թերացել և որտեղ լավ դրսևորել մեզ։ Այս շաբաթն օգտագործել ենք լավ նախապատրաստվելու և մեզ նոր միացած ֆուտբոլիստներին թիմին ավելի ադապտացնելու համար։
Անհամբեր սպասում ենք վաղվա հանդիպմանը, քանի որ խաղալու ենք մեր դաշտում շատ երկար ժամանակ անց։
Շատ ենք աշխատում ստանդարտ իրավիճակների մշակման ուղղությամբ. նախորդ մրցաշրջանում հարձակման առումով լավ վիճակում էինք, շատ գոլեր էինք խփում և քիչ բաց թողնում, այդ իսկ պատճառով գոհ եմ խաղի այս բաղադրիչից։ Պատրաստված էինք առաջին հանդիպմանը, ինչպես նաև պատրաստվել ենք վաղվա խաղին, և հուսով եմ՝ ստանդարտ իրավիճակներից ևս կարող ենք գոլեր խփել։
Մենք 11-մետրանոց հարվածաշարի մասին չենք մտածում, քանի որ ամբողջությամբ կենտրոնացած ենք մեր խաղի վրա և ցանկանում ենք մեզ դրսևորել հնարավորինս լավագույն կողմերով։ Լիովին վստահ եմ, որ վաղվա խաղում ավելի լավը կլինենք, քան առաջին խաղում, իսկ 90 րոպեներից հետո կտեսնենք՝ դա բավարար էր, թե ոչ», — նշել է Պերկովիչը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա վաղը՝ հուլիսի 30-ին, Երևանի ժամանակով 20:00-ին։


























































