Ռումինական «Կլուժի» գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆոլյան լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփել է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ Երևանի «Ալաշկերտի» դեմ կայացած առաջին հանդիպումը (1:1)։
Պորտուգալացի մասնագետի հետխաղային ասուլիսը բավականին կարճ է ստացվել. այն տևել է ընդամենը 90 վայրկյան՝ ներառյալ պորտուգալերենից անգլերեն թարգմանությունը։ Խոսելով գրանցված արդյունքի և իր թիմի ելույթի մասին՝ Ֆոլյան նշել է.
«Կարծում եմ՝ լավ հանդիպում անցկացրինք, և սա դրական արդյունք է մեզ համար։ Ինչպես նշել էի նախախաղյան ասուլիսի ժամանակ, մենք բարդ մրցակցի դեմ էինք խաղում: Հանդիպումն իսկապես ծանր ստացվեց, բայց վստահ եմ, որ լավ խաղացինք։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի շատ էինք վերահսկում խաղը։ Իմ կարծիքով՝ ընդմիջումից հետո մրցակիցը գոլային պահեր չստեղծեց, ուստի, ընդհանուր առմամբ, գոհ եմ մեր ելույթից»:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին։
























































