Չիլիական «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբի գլխավոր մարզիչ, արգենտինացի անվանի նախկին ֆուտբոլիստ Ֆեռնանդո Գագոն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ սրտի կաթված է տարել: Այս մասին հայտնում է իսպանական Mundo Deportivo պարբերականը։
Հինգշաբթի օրը Չիլիի առաջնության 13-րդ տուրի շրջանակում «Ունիվերսիդադ դե Չիլին» սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Օ’Հիգինսի» նկատմամբ։
Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում 40-ամյա արգենտինացի մասնագետը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ջուր է խմել, ցավից կծկվել և անմիջապես լքել մամուլի սրահը։ Պարզվել է, որ Գագոյի մոտ սրտի կաթված է գրանցվել։
Մարզչին շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա վիրահատության է ենթարկվել։
Ակումբի մամուլի ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ մանրամասներ հայտնելով մարզչի առողջական վիճակի մասին.
«Տեղեկացնում ենք, որ Ֆեռնանդո Գագոն այժմ սրտաբանական հետազոտությունների շարք է անցնում։ Գլխավոր մարզիչն իրեն լավ է զգում և գտնվում է մեր բժշկական անձնակազմի խիստ հսկողության տակ»։
Հիշեցնենք, որ Գագոն չիլիական թիմը գլխավորում է 2026 թվականի մարտից։ Որպես ֆուտբոլիստ՝ նա հայտնի է Մադրիդի «Ռեալում», իսպանական «Վալենսիայում» և իտալական «Ռոմայում» իր մրցելույթներով։ Արգենտինայի ազգային հավաքականի կազմում Գագոն դարձել է 2014 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

























































