Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում ընթանում է Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի եզրափակիչը, որտեղ մրցում են ֆրանսիական ՊՍԺ-ն ու անգլիական «Արսենալը»։ Առաջին խաղակեսից հետո լոնդոնյան ակումբը նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ է տանում։
Արագ գոլ և պատմական ռեկորդ
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին։ Գրոհը սկսվեց դաշտի կենտրոնում փարիզեցիների պաշտպան Մարկինյոսի կոպիտ սխալից. նա գնդակը հեռացնելիս հարվածեց Լեանդրո Տրոսարդին, ինչից հետո գնդակը հասավ Կայ Հավերցին։ Գերմանացի հարձակվողը սլացավ ձախ եզրով, հասավ մինչև մրցակցի տուգանային հրապարակ և հզոր հարվածով գնդակն ուղարկեց ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի պաշտպանած դարպասի դարպասաձողի տակ՝ 1:0:
Այս գոլի շնորհիվ Կայ Հավերցը գրանցեց տպավորիչ ցուցանիշ։ Նա դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ընդամենը երրորդ խաղացողը, ով ՉԼ եզրափակիչներում գոլի հեղինակ է դարձել տարբեր ակումբների կազմում (2021 թվականին նա գրավել էր «Մանչեսթեր Սիթիի» դարպասը՝ հաղթանակ պարգևելով «Չելսիին»)։ Մինչ այս, նման բացառիկ արդյունք գրանցել էին միայն Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ» և «Մանչեսթեր Յունայթեդ») և Մարիո Մանջուկիչը («Յուվենտուս» և «Բավարիա»)։
Սկանդալային դրվագ և վնասվածք
Առաջին խաղակեսը զերծ չմնաց վիճելի դրվագներից։ 16-րդ րոպեին ՊՍԺ-ի իրացրած անկյունայինից հետո լոնդոնցիների վինգեր Բուկայո Սական փորձում էր գնդակը հեռացնել սեփական տուգանային հրապարակից։ Անգլիացին առաջին փորձից անհաջող խաղաց, և գնդակն անդրադարձավ նրա մի ձեռքին, ապա՝ մյուսին։ Այդուհանդերձ, հանդիպման գլխավոր մրցավար, գերմանացի Դանիել Զիբերտը խախտում չարձանագրեց և 11-մետրանոց չնշանակեց, իսկ VAR համակարգը որոշեց չմիջամտել դրվագին։

Խաղակեսի ընթացքում գրանցվեց նաև ցավալի բախում. ՊՍԺ-ի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը սեփական տուգանային հրապարակում բախվեց թիմակից Մարկինյոսին, ինչից հետո դարպասապահին բժշկական օգնություն պահանջվեց։
Հիշեցնենք, որ եզրափակիչ հասնելու ճանապարհին՝ կիսաեզրափակիչ փուլում, ՊՍԺ-ն երկու խաղերի արդյունքում 6:5 հաշվով դրամատիկ հաղթանակ էր տարել Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ, իսկ «Արսենալը» 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել Մադրիդի «Ատլետիկոյից»։





























































