«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Գերմանացի մասնագետի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ (1+1 ձևաչափով)։
Պայմանագիրը ստորագրվել է այսօր՝ մայիսի 18-ին, կատալոնական ակումբի գրասենյակում: Արարողությանը ներկա են եղել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, սպորտային տնօրեն Ռաֆայել Յուստեն, ֆուտբոլային բաժնի տնօրեն Դեկուն և սպորտային հանձնաժողովի այլ անդամներ։
«Մեծ հաճույք է շարունակել այս ճանապարհորդությունը»,- պայմանագրի կնքումից հետո նշել է Ֆլիկը՝ ընդգծելով, որ իր գլխավոր նպատակն ավելի շատ տիտղոսներ նվաճելն է: Գերմանացի մասնագետն առանձնացրել է նաև ակումբի սպորտային նախագծի կայունությունն ու երկրպագուների կողմից ստեղծված հիանալի մթնոլորտը․ «Մենք ամեն ինչ կանենք հաջորդ մրցաշրջանում մեր երազանքներն իրականացնելու համար»,- հավելել է նա։
61-ամյա մարզիչը կատալոնական թիմը գլխավորել է 2024 թվականի մայիսին։ Այս երկու մրցաշրջանների ընթացքում Ֆլիկը կառուցել է մրցունակ թիմ՝ հավատարիմ մնալով ակումբի խաղային ինքնությանը: Նրա գլխավորությամբ «կապտանռնագույնները» նվաճել են հնարավոր 8 տիտղոսներից 5-ը՝ երկու անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ՝ երկրի Սուպերգավաթակիր և մեկ անգամ՝ Գավաթակիր։ Հատկանշական է, որ Լա Լիգայի վերջին չեմպիոնությունը թիմը ձևակերպել է ժամանակից շուտ՝ Էլ Կլասիկոյում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 2:0 հաշվով տարած պատմական հաղթանակով։
Ինչո՞վ է դեռևս աչքի ընկել Հանսի Ֆլիկի «Բարսելոնան».
Տպավորիչ վիճակագրություն. Մարզչի ղեկավարությամբ թիմն անցկացրել է 116 հանդիպում, տոնել 88 հաղթանակ, գրանցել 10 ոչ-ոքի և կրել 18 պարտություն: Ֆլիկի հաղթանակների 75.9% ցուցանիշը երկրորդ լավագույնն է ակումբի պատմության մեջ (նրան գերազանցում է միայն Լուիս Էնրիկեն՝ 76.2% արդյունքով 181 խաղում):
Գոլային հրավառություն. 2024/25 մրցաշրջանում թիմը խփել է 175 գոլ, ինչը ակումբի պատմության 3-րդ լավագույն արդյունքն է: Բացի այդ, կատալոնացիները Լա Լիգայում գոլ են հեղինակել 55 անընդմեջ խաղում (պատմության երկրորդ լավագույն ցուցանիշը), որն ընդհատվեց միայն անցյալ շաբաթ «Ալավեսի» դեմ արտագնա խաղում (1:0):
Անպարտելի «Կամպ Նոու». Ֆլիկը դարձել է ակումբի պատմության ընդամենը երրորդ մարզիչը, ով Լա Լիգայի մրցաշրջանի տնային բոլոր խաղերում (19) հաղթանակ է տարել:
Բացարձակ դոմինանտություն «Ռեալի» նկատմամբ. Մադրիդյան ակումբի դեմ անցկացրած 7 Կլասիկոներից «Բարսան» հաղթել է 6-ում (85.7%): Ֆլիկը հաղթել է «Ռեալի» դեմ բոլոր 3 եզրափակիչները (երկու Սուպերգավաթ և մեկ Կոպա դել Ռեյ):
Վստահություն սեփական սաներին. Երիտասարդության և փորձի համադրությունը եղել է գլխավոր հաջողություններից մեկը: Գերմանացու օրոք առաջին թիմում նորամուտն են նշել «Լա Մասիայի» 13 սաներ (Մարկ Բեռնալ, Խերարդ Մարտին, Պաու Վիկտոր, Սերխի Դոմինգես, Տոնի Ֆերնանդես և այլք): Թիմ է վերադարձել նաև ակումբի մեկ այլ սան՝ Դանի Օլմոն։
Հիշեցնենք, որ նախքան «Բարսելոնան» գլխավորելը, Հանսի Ֆլիկը մարզում էր Գերմանիայի ազգային հավաքականը, իսկ ավելի վաղ գլխավորել է Մյունխենի «Բավարիան», «Հոֆենհայմն» ու «Բամմենտալը»:































































