Բուլղարիայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանն ունի չեմպիոն. 55 կգ քաշային կարգում պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին է կանգնել Սուրեն Իշխանյանը։
Ոսկե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը վստահ հաղթանակ է տոնել՝ 8:2 հաշվով պարտության մատնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Օսման Թեմիրսուլթանովին:
Մինչև եզրափակիչ հասնելը Իշխանյանը տպավորիչ ելույթներ է ունեցել. նա երկու գոտեմարտ ավարտել է ժամանակից շուտ, իսկ կիսաեզրափակիչում 15:4 հաշվով բացարձակ առավելության է հասել ադրբեջանցի Աբբաս Շաֆիևի նկատմամբ։


























































