Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության մրցումային չորրորդ օրը Հայաստանի հավաքականի կազմից առաջինը մրցահարթակ դուրս եկավ կանանց 69 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Մերի Միսակյանը:
Հայ ծանրորդուհին պոկում վարժությունում հաջողությամբ գլխավերևում պահեց նախ 90 կգ, ապա 94 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում Միսակյանը ֆիքսեց 110 կգ և 115 կգ արդյունքներ: Այսպիսով, երկամարտի 209 կգ ցուցանիշով նա աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանի հավաքականի ևս մեկ ներկայացուցիչ. տղամարդկանց մրցաշարում հանդես կգա 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը, որի մրցելույթի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ին:




























































