Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Առաջին խումբը ներկայացնող «Անդրանիկը» Երևանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում լարված պայքարում վստահ հաղթանակ տարավ Առաջին խմբի մեկ այլ ներկայացուցչի՝ «Սյունիքի» նկատմամբ (5-2):
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Պետրոս Աֆաջանյանը: Սակայն դեռ առաջին խաղակեսում դաշտի տերերը կարողացան բեկել խաղի ընթացքը. նախ 31-րդ րոպեին Մայքլ Նդիդին վերականգնեց հավասարությունը, իսկ 42-րդ րոպեին Արամ Պետրոսյանն առաջ մղեց «Անդրանիկին»:
Երկրորդ խաղակեսում թիմերը շարունակեցին գոլերի փոխանակումը։ 62-րդ րոպեին Վաչե Հակոբյանը խփեց տանտերերի երրորդ գնդակը: Ընդամենը 5 րոպե անց՝ 67-րդ րոպեին, «Սյունիքից» Արմեն Հովհաննիսյանը կրճատեց հաշվի տարբերությունը՝ վերադարձնելով ինտրիգը խաղադաշտ: Կրքերն այնքան էին բորբոքվել, որ խաղն անմասն չմնաց հեռացումից. 69-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Սուրեն Առաքելյանը։
Խաղավերջում դաշտի տերերը վերջնականապես կոտրեցին մրցակցի դիմադրությունը. փոխարինման դուրս եկած Կամիլ Յենը 90+4-րդ և 90+7-րդ րոպեներին դարձավ դուբլի հեղինակ՝ դնելով այս դրամատիկ դիմակայության վերջակետը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի։ Այսպիսով, երկու խաղերի արդյունքում ընդհանուր 5-2 հաշվով «Անդրանիկը» նվաճեց Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր։
Հանդիպման տեսագրությունը․




























































