UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը կոշտ է արձագանքել ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասի սադրիչ հայտարարությանը RAF 07 մրցաշարի մամուլի ասուլիսի ժամանակ։
Այս հանգստյան օրերին՝ մարտի 29-ին, Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 06:30-ին, Ծառուկյանն ազատ ոճի ըմբշամարտի կանոններով ռևանշ գոտեմարտ կանցկացնի Պուլասի դեմ։ Նրանց առաջին դիմակայությունն ավարտվել էր MMA-ի հայ մարտիկի սկանդալային հաղթանակով և դրան հաջորդած զանգվածային ծեծկռտուքով։
Մամուլի ասուլիսի ժամանակ արտառոց միջադեպ է գրանցվել. Պուլասը հրապարակավ առաջարկել է Ծառուկյանին 10 հազար դոլար՝ նրա մտերիմ ընկերուհու՝ հայտնի բլոգեր Նինա Դրամայի հետ ժամադրություն կազմակերպելու դիմաց։
«Դե ինչ, կկազմակերպե՞ս ինձ համար ժամադրություն քո ընկերուհի Նինայի հետ, և ես քեզ փող կտամ։ Ի՞նչ կասես», — հայտարարել է Պուլասը։
Ծառուկյանի պատասխանը չի ուշացել և բավականին կոշտ է եղել.
«Իմ ընկերուհո՞ւ հետ… Տղանե՛ր, ոչ ոք չի սիրում, երբ դիպչում են իր ընտանիքին, մորը, քրոջը կամ անձամբ իրեն։ Պետք չէ ինձ հարցեր տալ ընտանիքիս մասին: Ոչինչ մի՛ ասա իմ հարազատների կամ ընկերների մասին։ Եթե ևս մեկ անգամ դիպչես ընտանիքիս՝ կսատկես։ Փակի՛ր բերանդ և քեզ հարգալի՛ց պահիր։ Հարգի՛ր աղջիկներին, հասկացա՞ր։ Կարող ես խոսել իմ մասին ինչ ուզում ես, բայց մի՛ հիշատակիր իմ ընկերներին ու այլ մարդկանց»։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Արման Ծառուկյանը հաճախ է համատեղ տեսանյութեր նկարահանում Նինա Դրամայի հետ, սակայն նրանք զույգ չեն։ Նինան հայտնի ամերիկացի բլոգեր է, Playboy-ի նախկին մոդել և սպորտային լրագրող, որը մեծ ճանաչում է ձեռք բերել UFC-ի մարտիկների հետ իր յուրօրինակ և հումորային հարցազրույցների շնորհիվ:
Ի դեպ, Նինան ևս ներկա է եղել ասուլիսին՝ հանդիսատեսի շարքերում։ Միջադեպից հետո նա անձամբ մոտեցել է Պուլասին և պահանջել բացատրություն՝ ընդգծելով, որ իր անվան հիշատակումն այդ համատեքստում անհարգալից վերաբերմունքի դրսևորում էր, այլ ոչ թե պարզապես սադրանք:


























































