«Օռլանդո Սիթիի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի մասին։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսից: Նա նոր թիմին կմիանա այն ժամանակ, երբ կբացվի MLS-ի տրանսֆերային պատուհանը: Հարձակվողի համաձայնագիրն «Օռլանդո Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը և ներառում է այն ևս 1 մրցաշրջանով (2028/29) երկարաձգելու տարբերակ:
«Շատ ուրախ եմ կարիերայիս նոր գլուխն «Օռլանդո Սիթիում» սկսելու համար: Ակումբի հետ առաջին իսկ բանակցություններից զգացի մեծ հավակնություններն ու ապագայի հստակ տեսլականը, և դա ինձ իսկապես գրավեց: Անհամբերությամբ եմ սպասում Օռլանդոն իմ նոր տունը դարձնելու, երկրպագուներին ծանոթանալու և մարզադաշտի էներգիան զգալու հնարավորությանը: Կտամ ամեն ինչ՝ թիմին մեծ հաջողությունների հասնելու հարցում օգնելու համար»,- նշել է Գրիզմանը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Անտուան Գրիզմանն «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:



























































