Եկատերինբուրգի «Ուրալի» ֆուտբոլիստ Դանիիլ Սեկաչը ձերբակալվել է կնոջ սպանության կասկածանքով: Այս մասին հաղորդում է SHOT տելեգրամյան ալիքը:
20-ամյա խաղացողը, ենթադրաբար, մեղադրվում է Մոսկվայի 48-ամյա բնակչուհու դաժան սպանության մեջ:
Աղբյուրի տեղեկություններով՝ երիտասարդը խաբեությամբ մոլորեցրել է կնոջ դստերը, ներխուժել բնակարան և բացել տան չհրկիզվող պահարանը: Մոտավորապես այդ ժամանակ տուն է վերադարձել դպրոցական աղջկա մայրը: Նշվում է, որ ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել կնոջը և դանակի մի քանի հարված հասցրել: Ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է: Ենթադրվում է, որ ֆուտբոլիստը գործել է հեռախոսային խարդախների ազդեցության և հրահանգների ներքո:
Նշենք, որ Սեկաչը մանկուց մարզվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ակադեմիայում, իսկ ավելի ուշ հանդես է եկել «Ռոստովի» երիտասարդական թիմում: Ներկայումս նա պաշտպանում է Եկատերինբուրգի «Ուրալի» գույները՝ խաղալով ակումբի երկրորդ թիմի կազմում: Նա մերձմոսկովյան «Մաստեր-Սատուրն» ակադեմիայի և «Ստրոգինո» մարզադպրոցի սան է:




























































