Եկատերինբուրգի «Ուրալի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ծավալուն հարցազրույց է տվել Euro-Football.Ru պարբերականին։ Հայ ֆուտբոլիստը խոսել է «Ռոստովից» հեռանալու, Վալերի Կարպինի, Սերգեյ Յուրանի, Հայաստանի ազգային հավաքականի և իր ապագա ծրագրերի մասին։
— Եկեք հարցազրույցն սկսենք լավ նորություններից: Հունիսին Դուք երրորդ անգամ հայր դարձաք։ Ինչպիսի՞ն են զգացողությունները:
— Շատ շնորհակալ եմ։ Էմոցիաներն ամենալավն են, բայց վաղուց մոռացված: Աղջիկներս արդեն մեծ են, և մեր տանը վաղուց մանկան բույր չկար: Հիմա ստիպված կլինեմ այդ ամենը զգալ ավելի գիտակցված տարիքում։ Սա կրկնակի հաճելի է: Ընտանիքս տեղափոխվել է ինձ մոտ՝ Եկատերինբուրգ, երեխաներս այստեղ դպրոց կգնան։
— Ինչո՞ւ որդուն անվանեցիք Ռոբերտ:
— Այլ տարբերակ չունեի (ծիծաղում է)։ Բացի այն, որ դա գեղեցիկ անուն է և դուր է գալիս ինձ, կնոջս ու մեր մտերիմներին, այն նաև հորս անունն է: Ես երկու դուստր ունեմ, եղբայրս՝ նույնպես, իսկ առաջին արու ժառանգը պետք է կրեր հենց այդ անունը։
— Դուք Եկատերինբուրգ էիք ժամանել մենակ։ Ինչպե՞ս ստացվեց ընտանիքի տեղափոխությունը:
— Այո, սկզբում տեղափոխվեցի մենակ՝ մեկուկես ամիս շուտ։ Իմ գալուց հետո երեխան ծնվեց, և մենք սպասեցինք, մինչև լրանա 40 օրը, որպեսզի նա մի փոքր ամրանա: Այդ ընթացքում ես Եկատերինբուրգում տեղավորվում էի ու բնակարան էի փնտրում։ Ակումբն օգնեց ինչպես բնակարանի, այնպես էլ դպրոցի հարցերում։ Շնորհակալ եմ «Ուրալին»։
— Ինչպե՞ս կայացավ Ձեր տեղափոխությունը «Ուրալ»:
— Արդեն պատմել եմ, որ «Ռոստովն» ինձ տեսնում էր մարզչի դերում, և դա ինձ համար շոկ էր։ Ներքուստ զգում եմ, որ դեռ կարող եմ խաղալ։ Առաջին լիգայից երկու հստակ տարբերակ կար՝ «Սոչին» և «Ուրալը»։ Ի վերջո, որոշում կայացրի գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանի պատճառով, երբ նա զանգահարեց ինձ։ Շատերն ասում են՝ «Որպես հայ, ինչպե՞ս «Սոչին» չընտրեցիր»։ Բարեկամներս, ծնողներս ու ողջ շրջապատս ուզում էին, որ «Սոչին» ընտրեմ, որպեսզի ավելի մոտ լինեմ ու արևոտ քաղաքում ապրեմ։ Բայց ես եկա ավելի խիստ ռուսական քաղաք, որը շատ լավն է։ Կարծում եմ՝ ճիշտ քայլ արեցի։
— Պրեմիեր լիգայում մնալու հնարավորություն կա՞ր:
— Հստակ տարբերակներ չեն եղել։ Այնպես չէր, որ զանգում և ասում էին՝ «Դու մեզ պետք ես»։
— Ինչպե՞ս Յուրանը համոզեց, որ «Ուրալը» Ձեզ անհրաժեշտ ակումբն է:
— Մինչ այդ Յուրանի հետ չէի աշխատել, բայց բոլորը խոսում են նրա մարդկային որակների մասին. որ նա տղամարդ է և պահում է իր խոսքը։ Յուրանն ինձ ասաց, որ ակումբի առջև խնդիր է դրված՝ դուրս գալ ՌՊԼ։ Եվ մարզիչն ասաց. «Դու ինձ պետք ես, արի»։ Երբ նման նպատակի դեպքում մարզիչը քեզ հրավիրում է որպես կարևոր խաղացող, ես այլևս չվարանեցի։
— Դուք պատրաստ էի՞ք մնալ «Ռոստովում» աշխատավարձի նվազեցմամբ:
— Ես պատրաստ էի, բայց ուզում էի խաղալ։ Աշխատավարձի ի՞նչ նվազեցման մասին կարող է խոսք լինել, եթե նրանք ինձ այլ դերում էին տեսնում։ Մենք ֆինանսներին չէինք էլ հասել։
— Նախկինում ասել եք, որ մտածում եք մարզչական աշխատանքի մասին։ Ի՞նչ առանձնահատկություն կունենաք որպես մարզիչ:
— «Ռոստովում» երիտասարդ թիմ էր, իսկ ես ամենատարեց խաղացողն էի: Նրանք լսում էին ինձ, և դրա շուրջ լավ մթնոլորտ էր ստեղծվել հանդերձարանում։ Բայց մարզչական գործը բոլորովին այլ բան է։ Ունեմ իմ գրառումները Կուրբան Բերդիևի հետ աշխատանքի ժամանակներից։ Միշտ աշխատել եմ գրի առնել և հիշել հետաքրքիր պահերը մարզիչների աշխատանքից։
— Ո՞րն է Ձեր մարզչական երազանքը:
— Նպատակներիցս մեկը ապագայում Հայաստանի հավաքականը գլխավորելն է։
— Միանգամից «Ուրալի» ավագ դարձաք։ Ինչպե՞ս դա ստացվեց:
— Սերգեյ Յուրանն ասաց, որ ես ու Սելիխովը 30-ն անց փորձառու ֆուտբոլիստներ ենք։ Ինչպես Կարպինը, այնպես էլ Յուրանը կողմնակից չեն, որ դարպասապահն ավագ լինի, որպեսզի դաշտային խաղացողը կարողանա շփվել մրցավարների հետ: Ելնելով այս տրամաբանությունից՝ ընտրությունն իմ վրա կանգ առավ։
— Եկեք խոսենք «Ռոստովի» մասին։ Վերջին երկու տարում Դուք քիչ էիք խաղում: Ինչո՞ւ չէր հաջողվում ամրապնդվել հիմնական կազմում:
— Դա մարզչական շտաբի որոշումն էր: «Ռոստովում» երիտասարդ սերունդ էր աճել, և նրանց պետք է շանս տային: Ինչպես ցանկացած ֆուտբոլիստ, ներքուստ կարծում էի, որ արժանի եմ ավելի շատ խաղալու: Որպես փաստ ընդունեցի և առաջ եմ շարժվում:
— Դա ցավո՞տ էր:
— Եթե ֆուտբոլիստը չի տխրում, երբ դաշտ դուրս չի գալիս, ապա նա պետք է ավարտի կարիերան: Իհարկե, ինձ համար ցավոտ էր: Մարզչական շտաբի հետ որոշակի խոսակցություններ եղել են, բայց դա կմնա մեր ներսում:
— Անցյալ տարի Ռուսաստանի Գավաթի սուպերեզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով զիջեցիք ԲԿՄԱ-ին, և Դուք վրիպեցիք: Շա՞տ էիք ապրումներ ունենում:
— Այո, իհարկե: Երկրպագուները մինչև հիմա հիշեցնում են, և նրանք այդ իրավունքն ունեն: Դա իմ մեջ կմնա ընդմիշտ:
— Դա կարիերայի վատագույն պա՞հն էր:
— Թղթի վրա՝ այո: Այդ պահին թվում էր, որ դա վատագույնն է, բայց կարիերայիս ընթացքում շատ բարդ պահեր եմ ունեցել: Բայց այդ վրիպումն ընդմիշտ մնաց սրտումս:
— Կարպինը «Ռոստով» եկավ 2017-ին: Ո՞րն էր Կարպինի՝ Ձեր սիրելի «Ռոստովը»:
— «Պրայմային» «Ռոստովն» այն ժամանակ էր, երբ ես վերադարձա Կազանից: Այն ժամանակ մենք փորձում էինք խաղալ Կլոպի «Լիվերպուլի» ոգով՝ 4-3-3 ակտիվ պրեսինգով: Մինչև համավարակը մենք ընթանում էինք երկրորդ տեղում:
— Դուք Չեմպիոնների լիգայում խաղացել եք «Բավարիայի» և «Ատլետիկոյի», իսկ Եվրոպա լիգայում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Այդ փորձն ինչպե՞ս է օգնում հիմա:
— Եվրագավաթներն առանձնահատուկ տեղ ունեն: «Օլդ Թրաֆորդում» խաղալը, որտեղ ես եզրային պաշտպանի դիրքում գործում էի Անտոնիո Վալենսիայի դեմ, առանձին դաս է: Այնտեղ որոշումների կայացման արագությունն այլ է: Ես անցկացրի ոչ այնքան հաջող հանդիպում և շատ էի անհանգստանում: Բայց հենց դա ինձ ավելի ուժեղ դարձրեց:
— Հաջողվե՞ց որևէ մեկի մարզաշապիկը վերցնել հիշատակի համար:
— «Մանչեսթեր Յունայթեդից» ունեմ Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը։ Նա իմ ընկերն է, ուստի այլ մարզաշապիկներն ինձ հետաքրքիր չէին։ Մինչև Ռոստովում կայացած խաղը մենք ծանոթ չէինք։ Մեր թիմում խաղում էր Մարկո Դևիչը, ով ժամանակին Մխիթարյանի հետ հանդես է եկել «Շախտյորում»: Ես խնդրեցի Դևիչին ծանոթացնել մեզ. այդպես էլ ստացվեց: Մենք Հենրիխի հետ մինչև հիմա կապի մեջ ենք։
— Դուք չեք հրավիրվում Հայաստանի հավաքական։ Ավարտե՞լ եք կարիերան ազգային թիմում:
— Ես պաշտոնապես չեմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում: Բայց դատելով նրանից, որ ինձ չեն հրավիրում, ամեն ինչ գնում է դրան:
— Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի խաղն առանց Ձեզ:
— Վերակառուցում է ընթանում։ Երիտասարդ խաղացողներ են միանում, իսկ դրա համար միշտ ժամանակ է պետք: Եթե թիմը շարժվի այս ուղղությամբ, արդյունքն անպայման կգա։
— Հավատո՞ւմ եք Ազգերի լիգայում հաջողությանը:
— Այո, հավատում եմ, որ Հայաստանի հավաքականը կկարողանա կրկնել այն արդյունքը, երբ մենք հաղթեցինք խմբում։
— Պորտուգալիայի հետ 9:1 հաշվով խաղը… Դիտե՞լ եք: Ի՞նչ էր դա:
— Չեմ ուզում հիշել այդ խաղը… Թեև մի պահ ուրախության կայծ եղավ, երբ իմ ընկեր Էդիկը (Սպերցյանը) հավասարեցրեց հաշիվը։ Բայց ընդհանուր առմամբ՝ հիշել չարժե: Պարզապես պետք է ընդունել ու առաջ շարժվել:
— Ինչպե՞ս կգնահատեք հայ ֆուտբոլիստների տրանսֆերները՝ Թիկնիզյանը՝ «Օլիմպիակոս», Սպերցյանը՝ «Ալ-Ահլի»։ Քայլ առա՞ջ է:
— Հարյուր տոկոսով, երկուսն էլ քայլ առաջ են արել։ Եթե խուսափեն վնասվածքներից՝ ամեն ինչ կստացվի։ Սպերցյանն արդեն շատ վառ է սկսել մրցաշրջանը Սաուդյան Արաբիայում: Նաիրին նույնպես հաջողություն եմ մաղթում։
— Դուք դադարեցիք հրավիրվել Ալեքսանդր Պետրակովի օրոք: Ո՞ր պահին Ձեզ անպետք զգացիք Հայաստանի հավաքականում:
— Մենք Պետրակովի հետ միանգամից լեզու չգտանք։
— Ի՞նչ պատահեց, զրույց ունեցե՞լ եք:
— Չգիտեմ։ Դա արդեն անցած պատմություն է, չեմ ուզում փորփրել այն:


























































