Արման Ծառուկյանի նախկին մարզիչ Սերգեյ Թորոսյանը խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի առաջատարների հնարավորությունների մասին։
Ավելի վաղ UFC 326-ի գլխավոր մենամարտում բրազիլացի Չարլզ Օլիվեյրան մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Մաքս Հոլոուեյին։
«Կարծում եմ՝ ռևանշում Արմանն է՛լ ավելի վստահ կհաղթեր Օլիվեյրային։ Նույնիսկ եթե Արմանը պարտերում հանկարծ հայտնվի նրա բռնվածքի տակ, 100 տոկոսով ոտքի կկանգնի։ Օլիվեյրայի համար միակ հնարավորությունը ցավեցնող կամ խեղդող հնարքով հաղթելն է։
Հոլոուե՞յը։ Արմանը նրան կհաղթեր երկրորդ ռաունդում։ Նա չէր փորձի ցավեցնող հնարք կիրառել Օլիվեյրայի պես, այլ շեշտը կդներ պարտերում հարվածներով մենամարտն ավարտելու վրա (ground and pound): Իսկ այդ հարցում Արմանը շատ ավելի լավն է, քան Օլիվեյրան։ Հոլոուեյը շատ հարմար մրցակից է Ծառուկյանի համար»,- Թորոսյանի խոսքն է մեջբերում «Ушатайка»-ն։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 12-ին, Ռիո դե Ժանեյրոյում կայացած «Hype FC Brazil» գրեփլինգի մրցաշարի գլխավոր գոտեմարտում Արման Ծառուկյանը մրցել է Մուհամադ Մոկաևի հետ։ «Submission Only» (հաղթանակ միայն հանձնվելով) կանոններով անցկացվող 10 րոպեանոց մենամարտի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթանակ է տարել։
UFC-ում Ծառուկյանն իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով պարտության մատնելով Դեն Հուկերին։ Ընդհանուր առմամբ, խառը մենամարտերում հայ մարտիկի ակտիվում գրանցված է 23 հաղթանակ և 3 պարտություն։




























































