BMF գոտու նորընծա տիրակալ Չարլզ Օլիվեյրան խոսել է Արման Ծառուկյանի հետ հնարավոր ռևանշի մասին՝ ընդգծելով, որ հայ մարտիկը նախ պետք է կարգավորի հարաբերությունները UFC-ի ղեկավարության հետ։
«Արդյո՞ք ինձ հետաքրքիր է Արմանի հետ մենամարտը։ Նրա խնդիրներն ինձ հետ չեն, այլ UFC-ի հետ։ Նա վաղուց արդեն պետք է տիտղոսային մենամարտ ստանար, սակայն այժմ պետք է լուծի պրոմոուշենի հետ ունեցած իր խնդիրները»,- Օլիվեյրայի խոսքերն է մեջբերում մամուլի ասուլիսից։
Հիշեցնենք, որ Օլիվեյրան իր վերջին մենամարտն անցկացրել է մարտի 8-ին՝ Լաս Վեգասում կայացած UFC 326 մրցաշարի գլխավոր իրադարձության շրջանակում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով Մաքս Հոլոուեյին և նվաճելով BMF գոտին։ Բրազիլացու ակտիվում այժմ կա 37 հաղթանակ, 11 պարտություն և 1 չկայացած մենամարտ։
Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարում, որտեղ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով տպավորիչ հաղթանակ է տարել Դեն Հուկերի նկատմամբ։ Հայ մարտիկն ունի 23 հաղթանակ և 3 պարտություն։
Հավելենք նաև, որ Օլիվեյրան և Ծառուկյանն արդեն հանդիպել են 2024 թվականի ապրիլին՝ պատմական UFC 300 մրցաշարում, որտեղ մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթող էր ճանաչվել Արման Ծառուկյանը։




























































