UFC-ի նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին անդրադարձել է ԱՄՆ-ում կայացած RAF 6 գրեփլինգի մրցաշարում հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի աղմկահարույց գոտեմարտին։
Վրացի մարտիկը, ով մրցաշարին ներկա է եղել հանդիսականի կարգավիճակում, միջոցառումից հետո զրուցել է Պուլասի հետ և նշել, որ Ծառուկյանին չի համարում այս դիմակայության արդարացի հաղթող։
«Առաջին հերթին կցանկանայի տեսնել ձեր և Արմանի ձեռքսեղմումն ու ռևանշը։ Դուք ապտակում էիք իրար, դա զվարճալի էր, բայց ես ուզում եմ տեսնել իրական հաղթողին, քանի որ այսօր մենք նրան այդպես էլ չտեսանք։ Ես ըմբիշ չեմ, կանոններին ու մրցավարությանը լավ չեմ տիրապետում, բայց հուսով եմ՝ դուք կկազմակերպեք այդ ռևանշը»,- ասել է Դվալիշվիլին։
Հիշեցնենք, որ միջոցառման գլխավոր իրադարձություններից մեկը դարձած այս գոտեմարտն ավարտվել էր Արման Ծառուկյանի՝ 5:3 հաշվով հաղթանակով։ Սակայն եզրափակիչ շչակից հետո հայազգի մարտիկը հարձակվել էր մրցակցի վրա, ինչն էլ վերածվել էր զանգվածային ծեծկռտուքի: Ծառուկյանի վրդովմունքի պատճառն այն էր, որ Պուլասը պասիվ և կեղտոտ մարտավարություն էր ընտրել՝ ակնհայտորեն փորձելով սադրել Արմանին և հասնել նրա որակազրկմանը:


























































