UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը «Mash на спорте»-ին տված հարցազրույցում անկեղծացել է՝ խոսելով իր կարիերայի գլխավոր վախի և կյանքում թույլ տված սխալների մասին, որոնց համար ամաչում է։
Մարզիկը խոստովանել է, որ իր համար ամենասարսափելի սցենարը մենամարտում պարտվելն է։ Իսկ այն հարցին, թե ինչի համար է իրեն ամենաշատը մեղավոր զգում, Ծառուկյանը պատասխանել է.
«Գլխավոր վախս պարտվելն է։ Իսկ ինչի՞ համար եմ ամաչում. հարցազրույցների ժամանակ հնչեցրած վատ արտահայտությունների»,- պատասխանել է 29-ամյա մարտիկը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարի շրջանակում մենամարտելով Դեն Հուկերի դեմ։ Այդ դիմակայությունն ավարտվել է հայ մարտիկի վաղաժամ հաղթանակով՝ երկրորդ ռաունդում կիրառած խեղդող հնարքով։
Այս պահին Արման Ծառուկյանի պրոֆեսիոնալ ակտիվում գրանցված է 23 հաղթանակ և 3 պարտություն։




























































