UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, թե երբ է նախատեսում վերադառնալ օկտագոն։
Հիշեցնենք, որ մարտիկը կարիերայում դադար էր վերցրել ընտանեկան լուրջ խնդիրների պատճառով․ գործընթացը կապված է եղել ամուսնալուծության, ինչպես նաև նախկին կնոջ կողմից հնչեցված ընտանեկան բռնության և շորթման մեղադրանքների հետ։
«Կվերադառնամ ապրիլ–հունիս ամիսներին։ Կմենամարտեմ Փիմբլեթ – Գեյջի զույգի հաղթողի հետ», — գրել է Թոփուրիան՝ մեկնաբանություններում պատասխանելով հետևորդների հարցերին։
Բացի այդ, օգտատերերից մեկի այն դիտարկմանը, թե Իսլամ Մախաչևը նրան կհաղթի խեղդող հնարքով, Թոփուրիան կտրուկ է արձագանքել. «Նա չի կարողանա դա անել նույնիսկ իր երազներում»։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) կայանալիք UFC 324 մրցաշարի շրջանակում Փեդի Փիմբլեթը կմենամարտի ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ՝ UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար։




























































