Միլանի «Ինտերը» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք «Լիվերպուլի» դեմ այսօրվա կարևորագույն հանդիպմանը։ Ըստ իտալական մամուլի՝ թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն նախատեսում է կադրային փոփոխություններ կատարել մեկնարկային կազմում՝ վերադարձնելով վետերան Հենրիխ Մխիթարյանին և երիտասարդ հարձակվող Անժ-Յոան Բոնիին։
36-ամյա հայ կիսապաշտպանը լիովին ապաքինվել է հոկտեմբերին «Նապոլիի» դեմ խաղում ստացած ազդրի վնասվածքից։ Մխիթարյանն արդեն խաղաժամանակ էր ստացել Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած «Կոմոյի» դեմ խաղում՝ փոխարինելով Պյոտր Զելինսկուն։ Սպասվում է, որ «Լիվերպուլի» դեմ խաղում նա դուրս կմղի լեհ ֆուտբոլիստին հիմնական կազմից և կզբաղեցնի իր տեղը կիսապաշտպանության կենտրոնում՝ Հական Չալհանօղլուի և Նիկոլո Բարելայի կողքին։
Հարձակման գծում մարզչական շտաբը դիտարկում է ֆրանսիացի Անժ-Յոան Բոնիի տարբերակը: Վերջինս ապաքինվել է հիվանդությունից և շաբաթ օրը հայտավորված էր որպես պահեստային։ Չնայած Մարկուս Թյուրամը գոլի հեղինակ դարձավ «Կոմոյի» դեմ խաղում, Կիվուն հակված է հարձակման առաջին գծում Լաուտարո Մարտինեսի հետ խաղադաշտ դուրս բերել հենց Բոնիին։
Նշենք, որ Բոնին այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում մասնակցել է 5 հանդիպման, սակայն եվրոպական գլխավոր մրցաշարում դեռևս գոլով աչքի չի ընկել։

























































