ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» ուժերը կչափի Պրահայի «Սպարտայի» հետ։
Խաղից առաջ «Սպարտայի» դանիացի գլխավոր մարզիչ Բրիան Պրիսկեն կիսվել է իր սպասումներով։
«Կարելի է ասել, որ մրցակցի մասին տեղեկություն գտնելն ավելի բարդ է, բայց մենք բավարար տվյալներ ունենք։ Դիտել ենք նրանց երեք խաղ, ունենք տեսանյութեր որոշ խաղացողների նախկին ակումբներից։ Սա նոր թիմ է՝ նոր մարզիչով և խաղացողներով, որոնցից մի քանիսը եկել են Պորտուգալիայի առաջնությունից։
Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ գալիս ենք ավելի ինտենսիվ առաջնությունից, և դա պետք է արտացոլվի խաղի ընթացքում։ Պլանավորում ենք գերիշխել՝ թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի, խաղալ արագ։ Մեզ կօգնի մեր մարզադաշտի խոտածածկը, որն ավելի որակյալ է, ինչպես նաև երկրպագուների աջակցությունը։ «Ակտոբեի» հետ խաղն արդեն ցույց տվեց, որ մեր արագ անցումներով խաղը արդյունք է տալիս։
Անձամբ ես կնախընտրեի երկրորդ խաղն անցկացնել տանը, բայց վերջիվերջո պետք է երկու խաղերում էլ լավ հանդես գալ։ Տնային առաջին խաղը նշանակում է, որ պետք է լավ արդյունք ցույց տանք, քանի որ եթե այստեղ չհաջողվի, ապա արտագնա խաղը Հայաստանում ավելի բարդ կլինի՝ շոգի և ճանապարհորդության պատճառով»,- Պրիսկեի խոսքն է մեջբերում iSport.cz-ն։
Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 7-ին Պրահայում, Երևանի ժամանակով 22։00-ին։



























































