«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն մեկնաբանել է պաշտպան Ժորդի Ալբայի և հարձակվող Լիոնել Մեսսիի բացակայությունը ՄԼՍ-ի «Սինսինատիի» հետ խաղում (0:0)։
Ըստ լիգայի կանոնների՝ ֆուտբոլիստը, ով առանց նախապես լիգայից թույլտվություն ստանալու բաց է թողնում «Աստղերի հանդիպումը», չի կարող մասնակցել իր ակումբի հաջորդ խաղին։
«Ես կարծիք ունեմ տեղի ունեցածի վերաբերյալ, բայց ես այստեղ չեմ ՄԼՍ-ին քննադատելու կամ կանոնները փոխելու համար։ Մենք պարզապես չհարմարվեցինք այդ որոշմանը, թեև ես ընդհանրապես համաձայն չեմ դրա հետ։
Հիմա մի հարց ունեմ. եթե այսօրվա խաղը դրսում լիներ, արդյո՞ք դա էլ կխանգարեր Լեոյին խաղալ։ Չէ՞ որ ոչ ոք չի բողոքում, երբ պետք է մարզադաշտեր լցնել և եկամուտ ստանալ։ Ուղղակի այս խաղը տանն էր։ Թողնում եմ ձեզ այս հարցի պատասխանը»,- ասել է Մասկերանոն։
Աստղերի հանդիպումից առաջ ՄԼՍ-ի կոմիսար Դոն Գարբերն ընդգծել էր, որ «Ինտեր Մայամին» տուժում է ծանր խաղացանկից, որի ընթացքում թիմը մասնակցել է Աշխարհի ակումբային առաջնության չորս խաղի։ Բացի այդ, Ժորդի Ալբան վնասվածք էր ստացել հուլիսի 19-ին՝ «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետ խաղում։ Այնուամենայնիվ, լիգան պահպանել է կանոնը։
Մասկերանոն ավելացրել է․
«Ինձ համար իսկապես տարօրինակ է, որ մի օր մի բան են ասում, իսկ հաջորդ օրը լրիվ այլ որոշում են ընդունում։ Մենք բոլորս լսել ենք, թե ինչ է ասվել, և դա հասկանալի էր՝ հաշվի առնելով Մեսսիի խաղերի քանակը։ Մենք չենք խնդրել այս իրավիճակին այլ կերպ վերաբերվել»։




























































