Սերբիայի հավաքականը սպառնացել է դուրս գալ Եվրո-2024-ից, եթե ՈՒԵՖԱ-ն չպատժի Ալբանիայի և Խորվաթիայի ազգային հավաքականների երկրպագուներին անպարկեշտ վանկարկումների համար։
Այս մասին հայտարարել է Սերբիայի ֆուտբոլի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Յովան Սուրբատովիչը։
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին Անգլիայի դեմ խաղում ցուցաբերած աջակցության համար և հուսով եմ, որ մենք կհաղթենք Սլովենիայի հավաքականին: Այն, ինչ տեղի ունեցավ վրդովեցուցիչ է, և մենք կխնդրենք ՈւԵՖԱ-ից պատժամիջոցներ կիրառել այդ մարդկանց դեմ նույնիսկ, եթե դա լինի մրցաշարից դուրս գալու գնով», — Սուրբատովիչի խոսքերն է մեջբերում The Sun պարբերականը։
Նշվում է, որ Խորվաթիայի ու Ալբանիայի երկրպագուները սերբերին սպանելու կոչեր են արել և նրանց հասցեին վիրավորական վանկարկումներ հնչեցրել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն տուգանել է Ալբանիայի հավաքականին Եվրո-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի Իտալիայի հավաքականի հետ խաղում երկրպագուների ոչ պատշաճ պահվածքի համար։
























































