Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում խոսել է նաև Օլիմպիական խաղերի մասին:
«Օլիմպիական խաղերի 3 ուղեգիր ունեն։ Տղամարդկանց հավաքականում ունենք 5 թեկնածու, բայց մասնակցելու իրավունք ունեն միայն 3-ը: Ամեն պետությունից տղամարդկանց, կանանց պայքարում պետք է մասնակցի 3-ական ծանրորդ ու չենք կարող մեկ քաշում երկու հոգի ունենալ:
Առաջիկա երկու վարկանիշային մրցաշարերից հետո կհասկանանք, թե ովքեր կմասնակցեն Օլիմպիական խաղերին։ Առաջին մրցաշարը Եվրոպայի առաջնությունն է, որը փետրվարին տեղի է ունենալու Բուլղարիայում: Դրանից հետո ապրիլին կայանալու է աշխարհի գավաթի խաղարկությունը։ Օլիմպիկան խաղերին մասանկցելու 5 թեկնածուներն են Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը, Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանն ու Անդրանիկ Կարապետյանը:
Սիմոն Մարտիրոսյանի աճն այս տարի շատ վատ էր: Միշտ ասել եմ, որ նա 109 կգ քաշային կարգի Լաշա Տալախաձեն է։ Նրա երկամարտի 435 կգ արդյունքը մինչև այսօր անգերազանցելի է։ Ստիպված էինք նրան տեղափոխել գերծանր քաշային կարգ։ Ամեն մրցումից առաջ նա 8-9 կգ քաշ էր գցում։ Քաշը իջեցնելու պատճառով չկարողացավ դառնալ Օլիմպիական չեմպիոն, մնաց երկրորդ տեղում: Քաշային կարգի փոփոխությունից հետո վնասվածքներ ունեցավ։ Նա պետք է շատ արագ վիրահատվեր, բայց չի գնացել այդ քայլին: Ամեն դեպքում ես Սիմոնից էլ հույս ունեմ, ինչպես բոլորից:
Աղջիկների համար դեռ բավարար միավորներ չունենք: Ունենք 4 մարզուհի, որոնք առաջիկա երկու վարկանիշային մրցաշարում կարող են հասնել այն մակարդակի, որ ապահովեն իրենց ուղեգրերը։
Աղջիկներից ուղեգրեր կարող են նվաճել Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տաթև Հակոբյանը, 59 կգ քաշային կարգից՝ Իզաբելա Յայլյանը ու Ալեքսանդրա Գրիգորյանն ու 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը:
Հռիսփիմե Խուրշուդյանը տարիքով աղջիկ է, մարզվում է, ձգտում է, բայց մեր ծանրամարտում չի եղել այնպիսի դեպք, որ թողնեն սպորտը, վերադառնան ու կարողանան շատ մեծ արդյունքի հասնել: Շատերն են փորձել, բայց չի ստացվել: Միգուցե նրա մոտ ստացվի՝ ապարանցի է, կարող է ստացվի»,-ասաց Ալավերդյանը։























































