Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 10 համարի ներքո հանդես կգա Մայամիի «Ինտերում»։ Մեսսին «տասը» համարով հանդես էր գալիս նաև կատալոնական «Բարսելոնայում», սակայն «Պարի Սեն Ժերմենում» այս համարը զբաղեցրել էր Նեյմարը, ուստի Լիոնելը ստիպված էր խաղալ 30-րդ համարի ներքո։
Ըստ Clarín-ի՝ «Ինտեր Մայամի»-ն 10 համարը վերապահել է Մեսսիին, որպեսզի արգենտինացին հարմարավետ լինի նոր թիմում: Ընդ որում, ակումբի ղեկավարությունը ստիպված չէր ինչ-որ մեկից «խլել» 10 համարը, քանի որ այն արդեն իսկ ազատ էր:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 7-ին, հայտնի դարձավ, որ Մեսսին կարիերան կշարունակի Մայամիի «Ինտերում»։ Ամերիկյան թիմին միանալու համար «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը մերժել է «Բարսելոնայի» և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալի» առաջարկները:
Այս մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում ՝ դառնալով 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:
























































