Սաուդյան Արաբիայի ակումբները շարունակում են փորձեր ձեռնարկել նոր աստղեր հրավիրելու իրենց առաջնություն:
Կրիշտիանու Ռոնալդուն արդեն Սաուդյան Արաբիայի առաջնությունում է։ Կարիմ Բենզեման նույնպես շուտով պետք է տեղափոխվի այնտեղ։ Հնարավոր է՝ այս ամառ Սաուդյան Արաբիայում տեսնենք նաև Լիոնել Մեսսիին և Ն’Գոլո Կանտեին: Ֆրանսիացու տրանսֆերի շուրջ բանակցելու համար սաուդյան ակումբների ներկայացուցիչներն արդեն ժամանել են Լոնդոն։
Ինչպես հայտնի է դարձել Relevo-ին, Անգլիայում Սաուդյան Արաբիայի պատվիրակության նպատակը միայն Կանտեն չէ։ Աղբյուրի համաձայն՝ սաուդցիները հետաքրքրված են նաև Ռոբերտո Ֆիրմինոյով և Իլկայ Գյունդողանով, որոնց հետ ամռանը կարող են պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով։
Միաժամանակ լրագրող Բեն Ջեյքոբսը գրում է, որ 2024 թվականին Սաուդյան Արաբիայի ակումբները ցանկանում են պայմանագիր կնքել նաև «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինի հետ։
























































