«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտնում է Sky Sport Germany-ն։
Ըստ աղբյուրի՝ «Նյուքասլի» սկաուտները վերջերս մեկնել են Գերմանիա՝ սեփական աչքերով դիտելու հունգարացի ֆուտբոլիստի խաղը:
Գումարը, որը գերմանական ակումբը ցանկանում է ստանալ Սոբոսլայիի տրանսֆերից, կազմում է 70 միլիոն եվրո։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դոմինիկը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը ներկայիս ակումբի հետ նախատեսված է ևս երեք տարով։
























































