«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը մենիսկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ վկայակոչելով ակումբի պաշտոնական հայտարարությունը։
Զաբիտցերը վարձավճարով է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Մրցաշրջանի երկրորդ կեսում կիսապաշտպանը 17 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաների» կազմում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի տրասֆերային արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 20 միլիոն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունիանցիները դեռ որոշում չեն կայացրել ավստրիացու ապագայի հետ կապված։ «Բավարիայի» հետ բանակցությունները տեղի կունենան առաջիկա շաբաթների ընթացքում։
Հաղորդվում է, որ ինքը՝ Զաբիտցերը, հետաքրքրված է «կարմիր սատանաների» հետ համագործակցությունը շարունակելու հնարավորությամբ:
























































