Ավարտվել է Հայաստանի բասկետբոլի Վբեթ Ա լիգայի 2019/20 մրցաշրջանի կանոնավոր առաջնությունը։
Արդյունքում 2 առաջատարները՝ «Արագածը» և «Ուրարտու Վբեթը», փլեյ-օֆֆին կմիանան մի փոքր ուշ։ Նրանք կիսաեզրափակիչ փուլում կսպասեն քառորդ եզրափակիչ 2 դիմակայությունների հաղթողներին։
Իսկ քառորդ եզրափակիչում իրար հետ մրցելու են 3-րդ հորիզոնականը զբաղեցրած ՖԻՄԱ-ն և ետնապահ «Գյումրին», ինչպես նաև 4-րդ և 5-րդ հորիզոնականներում տեղակայված «Երևանը» և «Էրեբունին»:
Փլեյ-օֆֆում դիմակայության հաղթողը որոշվելու է 4 հաղթանակից հետո։ Այսինքն՝ հաջորդ փուլ անցնելու է այն թիմը, որն առաջինը կտանի 4 հաղթանակ հակառակորդի նկատմամբ։
Կարևոր է նաև այն, որ կանոնավոր առաջնության 3-րդ և 4-րդ շրջանների խաղերի արդյունքները հաշվի են առնվելու փլեյ-օֆֆում։
Քառորդ եզրափակիչի առաջին դիմակայությում ՖԻՄԱ-ն 3-րդ և 4-րդ շրջանի խաղերում հաղթել է «Գյումրիին» և փլեյ օֆֆ-ը սկսելու է 2։0 հաշվով:
Մյուս դիմակայության հաշիվը հավասար է՝ 1։1։ Երկու թիմերին էլ 3 հաղթանակ է հարկավոր հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար։
Նույն սկզբունքով անցկացվելու է նաև կիսաեզրափակիչ փուլը։
Վբեթ Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլը կմեկնարկի որոշակի դադարից հետո։
Իսկ մինչ այդ հայ բասկետոբոլասերները կարող են վայելել Վբեթ Եվրասիական լիգայի լավագույն 4 թիմերի եզրափակիչը, որը տեղի կունենա մարտի 2-4-ը Երևանում: