Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռիո Ֆերդինանդն ու Ջոն Թերին փոխանակվել են միմյանց հասցեին խայթոցներով։
Մի քանի օր առաջ Ֆերդինանդը «Չելսիի» նախկին խաղացողին տվել էր 5-րդ հորիզոնականը Պրեմիեր լիգայի պատմության լավագույն պաշտպանների ցանկում, իսկ իրեն դրել էր ցուցակի առաջին հորիզոնականում։ Թերին սրան արձագանքել է ուղերձով, որում թվարկել է իր մի շարք ձեռքբերումները, որոնք իրեն թույլ են տալիս ավելի բարձր դիրքում լինել:
«Հենց որ մարդը սկսում է առանձնացնել իր ռեկորդներն ու ձեռքբերումները, ժամանակն է, որ նա մտածի ցածր ինքնագնահատականի մասին:
Դու իրականում բախտավոր ես, որ ես քեզ ընդգրկել եմ լավագույն հնգյակում՝ հաշվի առնելով եղբորս հետ կապված ռասիզմի պատմությունը: Այնպես որ շնորհակալ եղիր, որ գոնե առաջին հնգյակում ես հայտնվել»,- գրել է Ֆերդինանդը Twitter-ում։
«Ցածր ինքնագնահատականն այն է, երբ դու քեզ տալիս ես առաջին հորիզոնականը:
Շնորհակալ եմ ինձ լավագույն հնգյակում տեղավորելու համար», – պատասխանել է Թերին:
2011 թվականի հոկտեմբերին «Քուինս Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Անտոն Ֆերդինանդը և Թերին բախվել էին խաղի ժամանակ, որից հետո «Չելսիի» ավագին մեղադրել էին մրցակցի հասցեին ռասիստական վիրավորանքների մեջ։