Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ասել է, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլում ձախողումից հետո միակ ճիշտ որոշումը գլուխը բարձր պահելն է ու ապագայի համար աշխատելը։
Քաթարում կայանալիք Աշխարհի 2022 թվականի առաջնության Եվրոպայի որակավորման փլեյ-օֆֆ մրցաշարի կիսաեզրափակչում իտալացիները սեփական հարկի տակ պարտություն կրեցին Հյուսիսային Մակեդոնիայից (0:1):
«Անցած ամառ մենք Եվրոպայի բարձունքում էինք՝ ազգային հավաքականի պատմության ամենագեղեցիկ սխրանքներից մեկով:
Մենք կատարյալ ուրախությունից անցանք հիասթափության։ Դա իսկապես դժվար է ընդունել, բայց կյանքում պարտվելը մարդկային և մարզական աճի առողջ ուղու մի մասն է: Եկեք որոշ ժամանակ տրամադրենք մտածելու և հստակ հասկանալու համար: Միակ ճիշտ քայլը հիմա գլուխ բարձրացնելն ու ապագայի համար աշխատելն է։
Շնորհակալություն Պալերմոյի հանդիսատեսներին ջերմության համար և շնորհակալություն բոլոր երկրպագուներին, ովքեր միշտ մեզ փոխանցել են իրենց ոգևորությունն ու նվիրվածությունը»,- գրել է Մանչինին սոցիալական ցանցերում։