Ճապոնիայի և Սաուդյան Արաբիայի հավաքականները կմասնակցեն Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը։
Այս մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Ճապոնիայի հավաքականը Ասիայի որակավորման փուլում արտագնա խաղում Միտոմայի դուբլի շնորհիվ 2-0 հաշվով հաղթեց Ավստրալիայի ընտրանուն։
B խմբում առաջին երկու տեղերը զբաղեցնող Ճապոնիան և Սաուդյան Արաբիան անհասանելի են դարձել Ավստրալիայի համար, որին այժմ փլեյ-օֆֆ փուլն է սպասվում:
Այսպիսով, հայտնի են ԱԱ-2022-ին մասնակցող 32 թիմերից 17-ը․ այդ հավաքականներն են՝ Քաթար, Գերմանիա, Դանիա, Բրազիլիա, Ֆրանսիա, Բելգիա, Խորվաթիա, Իսպանիա, Սերբիա, Անգլիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ, Արգենտինա, Իրան, Հարավային Կորեա, Ճապոնիա և Սաուդյան Արաբիա։
Եվրոպան ԱԱ-ում կունենա 13 մասնակից, Աֆրիկան՝ 5, Հարավային Ամերիկան և Ասիան՝ 4-ական, Հյուսիսային Ամերիկան՝ 3։ Այդ հավաքականներին գումարենք մրցաշարի կազմակերպչին՝ Քաթարին, կստացվի 30 մասնակից։ Եվս երկու մասնակից հայտնի կդառնա միջմայրցամաքային փլեյ-օֆֆի արդյունքներով․ Հարավային Ամերիկայի և Ասիայի գոտում 5-րդ տեղ զբաղեցրած թիմերը կխաղան միմյանց հետ, Հյուսիսային Ամերիկայում 4-րդ տեղ զբաղեցրած թիմը և Օվկիանիայի ընտրական գոտու հաղթողը կպարզեն մյուս ուղեգրի ճակատագիրը։ Այդ հանդիպումները կկայանան հունիսին։