«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման լիովին վերականգնվել է մկանային վնասվածքից, որի պատճառով ստիպված էր բաց թողնել Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղը (0-4), հայտնում է Marca-ն: Աղբյուրի փոխանցմամբ, հարձակվողը հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո մոտակա խաղին արդեն կկարողանա մասնակցել:
Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման 30 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ է դարձել բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում անցկացրած 33 խաղում: Նա դարձել է ֆրանսիացի ֆուտբոլիստների շրջանում պատմության լավագույն ռմբարկուն:
29 տուրից հետո «Ռեալը» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Արքայական ակումբն» իր ակտիվում ունի 66 միավոր: Պրիմերայի հաջորդ տուրում «Ռեալը» կմրցի «Սելտայի» հետ: Հանդիպումը նախատեսված է ապրիլի 2-ին: