«Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Le10Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ 23-ամյա ֆրանսիացու տրանսֆերին հավակնում է «Ռեալը»։ Հաղորդվում է, որ խաղացողը չի կարողացել հարմարվել մյունխենյան ակումբին և քննադատության է ենթարկվել գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի կողմից։ Ուպամեկանոն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո:
«Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը մյուս խաղացողն է, որով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Ըստ Fichajes-ի՝ անգլիացուն «Սանտյագո Բերնաբեուում» դիտարկում են որպես Լուկա Մոդրիչի պոտենցիալ փոխարինող: 24-ամյա խաղացողը Մադրիդի «Ռեալին» մոտ 80 միլիոն եվրո կարժենա։
Մեդիսոնի պայմանագիրը «Լեսթերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Նա ակումբում է 2018 թվականից։ 2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան հայտնվել է Մադրիդի «Ռեալի» դիտակետում, հայտնում է El Nacional-ը: Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին 25-ամյա ֆուտբոլիստի մեծ երկրպագուն է։
«Ռեալը» հետաքրքրված է նաև «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի ծառայություններով։ Մադրիդյան ակումբը համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա կիսապաշտպանի հետ։ «Մոնակոն» ցանկանում է նրա համար ստանալ 50 միլիոն եվրո և ևս 15 միլիոն եվրո՝ որպես բոնուս, հայտնում է Marca-ի լրագրող Ռամոն Ալվարեսը: